Շտապ փոփոխություն. Ինչ թղթապանակ է դրվել Սերժ Սարգսյանի առաջ

 
Հունվարի 8-ին տեղի է ունեցել Սյունիքի ՀՀԿ տարածքային կառույցի հավաք, որի ընթացքում ՀՀԿ տարածքային խորհրդի նախագահի պաշտոնից ինքնաբացարկ հայտնած Սուրիկ Խաչատրյանին փոխարինել է մարզպետի պաշտոնում նրան մի քանի ամիս առաջ փոխարինած Վահե Հակոբյանը:

 

Սյունիքում փաստացի տեղի է ունեցել իշխանափոխություն, այն էլ շտապ, ինչի մասին է վկայում հունվարի 3-ին անցկացված նիստը: Հունվարի 3-ը Տարեմուտի տոների «կուլմինացիոն» շրջան է, եւ ահա այդ շրջանում ՀՀԿ-ականները Սյունիքում հավաքվում են ոչ թե տոնական սեղանների շուրջ, այլ կուսակցական կառույցի նախագահին փոխելու համար: Դա էլ վկայում է, որ տեղի է ունեցել շտապ փոփոխություն: Չի բացառվում նաեւ, որ շտապողականության պատճառը եղել է հենց տոնը` քանի Սուրիկ Խաչատրյանը տոնում է, մարզում նրան զրկել են կուսակցական իշխանությունից:

 

Բայց դա իհարկե չի կարող հավակնել հիմնական վարկածի, քանի որ հազիվ թե Սերժ Սարգսյանը ունենար Սուրիկ Խաչատրյանին հեռացնելու դժվարություն, եթե դրվեր այդպիսի խնդիր ու կայացվեր որոշումը: Բուն հարցը տվյալ պարագայում պատճառն է, քանի որ իշխող համակարգում հենց դրա վրա են հենվում այդօրինակ որոշումները` համոզիչ պատճառ ամբողջ համակարգի համար, որ պատիժն արդարացի է:

 

Իսկ Սուրիկ Խաչատրյանի համար դա պատիժ է, ավելի լուրջ պաշտոնանկություն, քան մարզպետի պաշտոնից հեռացումը: Բանն այն է, որ Հայաստանը չգրված կուսակցապետություն է, որտեղ հիերարխիան սահմանվում կամ դրսեւորվում է առաջին հերթին կուսակցական պաշտոններով եւ դրանցից բխող ածանցումներով:

 

Ըստ այդմ, մարզպետի պաշտոնը խոշոր հաշվով ենթակա է ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավարի պաշտոնին, եւ այդ իմաստով հատկանշական է, որ օրինակ Բուդաղյանների հետ կապված ողբերգական պատմությունից հետո Սուրիկ Խաչատրյանը հեռացվեց մարզպետի պաշտոնից, բայց կուսակցության տարածքային կառույցի ղեկավարի պաշտոնը, այսինքն մարզի փաստացի ղեկավարի պաշտոնը մնաց նրա ձեռքին: Հետո վերադարձավ նաեւ մարզպետի պաշտոնը:

 

Այժմ, մարզպետի պաշտոնից հեռանալուց երեք ամիս անց Սուրիկ Խաչատրյանը հեռացվում է նաեւ կուսակցության տարածքային կառույցի ղեկավարի, այլ կերպ ասած մարզի փաստացի ղեկավարի պաշտոնից, եւ այն տրվում է Վահե Հակոբյանին: Այսինքն, հոկտեմբերին Սյունիքում սկսված փոփոխությունը ներկայում անցնում է վճռորոշ մի փուլով: Եվ այն, որ դա տեղի է ունենում տոնական եռուզեռում, վկայում է, որ կայացվել է անհապաղ եւ անհետաձգելի որոշում, ինչը նշանակում է, որ հազիվ թե բանը լինի պարզունակ PR-ը: Դա հնարավոր էր անել նաեւ հունվարի 9-ին, երբ կմեկնարկեր աշխատանքային առօրյան, մինչ այդ Սյունիքն ու Սուրիկ Խաչատրյանը չէին փախչի:

 

Ըստ այդմ, Սերժ Սարգսյանի առաջ թերեւս դրվել են փաստեր, որոնք հանգեցրել են Սուրիկ Խաչատրյանի անհապաղ, եւ հաշվի առնելով օրացույցը` ցուցադրական պաշտոնանկության: Բայց ցուցադրական ոչ թե հանրության, այլ իշխող համակարգի համար:

 

Ինչ փաստեր են դրվել Սերժ Սարգսյանի սեղանին, որ կայացվել է Սուրիկ Խաչատրյանին «անհապաղ» հեռացնելու որոշում: Պետք է ենթադրել, որ տվյալ պարագայում խոսքը կարող է լինել կամ ֆինանսական խնդիրների, կամ իշխանության հանդեպ որեւէ «սաբոտաժային» մտադրության կամ այսպես ասած «դավադրության» մասին: Հայաստանի իշխող համակարգում «անհապաղ» պատժվում են այդօրինակ սխալները:

 

Թեեւ, հազիվ թե ներկայիս իրավիճակում Սուրիկ Խաչատրյանը լիներ այդօրինակ սխեմայի մեջ, քանի որ ներկայում պարզապես չկա դրա հիմքը: Այդ համատեքստում, առավել հավանական է դառնում ֆինանսական արմատը, հատկապես որ Հայաստանի իշխանության ամենաթույլ տեղը ներկայում փողն է:

 

Միեւնույն ժամանակ, չի բացառվում, որ Սուրիկ Խաչատրյանի խնդիրը դրված է եղել վաղուց, պարզապես ի հայտ են եկել արագացնող հանգամանքներ:
скачать dle 11.0фильмы бесплатно